Անհաղթ աքլորն

Ես մի օր քուջուջ անելիս՝ մի ոսկի գտա։ Կտուրը բարձրացա ու ձայն տվեցի․
— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜ել․․․
Թագավորը լսեց, իր նազիր-վեզիրին հրամայեց՝ գան, խլեն, տանեն։
Նազիր-վեզիրը եկա, խլեցին, տարան։
Ես կանչեցի․
— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․
Թագավորը ոսկին ետ տվեց իր նազիր-վեզիրին, ասաց, որ ետ բերեն, ինձ տան, թե չէ՝ աշխարհով մեկ կխայտառակեմ իրենց․․․
Նազիր-վեզիրը ոսկին բերեցին, ետ տվեցին ինձ։
Ես էլի կտուրը բարձրաց և կանչեցի․
— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․
Թագավորը բարկացավ և իր նազիր-վեզիրին հրամայեց, որպեսզի գան բռնեն ինձ, գլուխս կտրեն, եփեն, տանեն, ուտի, պրծնի ինձնից։
Նազիր-վեզիրը եկան, բռնեցին, որ տանեն։ Տանելիս կանչեցի․
— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ․․․
Տարան, մորթեցին, պղինձը կոխեցին, որ եփեն, ձեն տվեցի․
  — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ուղարկե՜լ․․․
Եփեցին, բերեցին, թագավորի առաջը դրեցին, կանչեցի․
— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․
Թագավորը շտապով վերցրեց, կուլ տվեց։ Կոկորդով գնալիս կանչեցի․
— Նեղ-նեղ փողոցներով եմ անցնում, ծուղրուղո՜ւ․․․
Թագավորը որ տեսավ՝ կուլ տվեց, էլի ձայնս չեմ կտրում, իր նազիր-վեզիրին հրամայեց՝
— Թուրները հանած պատրաստ եղեք, որ մեկ էլ ձայն հանի, զարկեցեք։
Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնեցին, մեկը՝ այս կողմը, մյուսը՝ այն։
Ես, որ թագավորի փորն հասա, ձայն տվեցի․
— Լույս աշխարհում էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․
— Զարկե՛ք, — հրամայեց թագավորը։
Նազիր-վեզիրը զարկեցին, տվեցին, թագավորի փորը պատռեցին։
Ես դուրս պրծա, փախա, կտեր ծայրին կանգնեցի, ձայն տվեցի․
— Ծուղրուղո՜ւ․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *