Եղիշե Չարենց | Դու իմ գարնան առավոտ
| Դու իմ գարնան առավոտ — ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա. Դու հարազա՛տ, սրտիս մոտ — ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա: Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ, Ամռան կեսօր դու իմ տոթ — ինչպես կանչեմ քեզ հիմա: Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած, Անուշացած մրգի հոտ — ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա: Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր Եվ իմ սրտով արյունոտ — ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա: Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ Ու բերել է մահվան բոթ — ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա… 1920 |